Ժողովուրդը հենց այնպես հաց չի չորացնի և ալյուրի պարկեր չի գնի. այս ի՞նչ է կատարվում, ու՞ր են պատրաստվում տանել երկիրը՝ սովամահության ու պատերազմի՞, ու՞մ դեմ՝ Ռուսաստանի՞... Մեր պոզավոր ու բազմատիրաժ թշնամին մեզ լիուլի հերիք չէ՞ր:
Նորից անցնելու ենք շների ու կատուների համար պատրաստված ամերիկյան հումանիտար կերերի՞, եթե իհարկե մարդ մնա ավերակների մեջ:
Ինչու՞ են հրաժարվում Սյունիքի մարզպետն ու զորքերի հրամանատարն այս թեմայով անկեղծ, հնարավոր արհավիրքին պատրաստող զրույց ունենալ ժողովրդի հետ:
Նա, ով տեղեկացված է, պաշտպանված է, իսկ Սյունիքն այնքանով է տեղեկացված, որքան թույլ են տալիս լրահոսի երկիմաստ, տագնապալի լուրերն ու վերլուծականները:
Մի քիչ ավելին իմանալը սյունեցին պարտավոր է, քանի որ ի՛ր գլխին են պատրաստվում աղետ թափել երկրի իշխանությունները, ի՛նքն է դառնալու թատերաբեմ, ի՛ր որդիներն են կյանքի-մահու կռիվ տալու:
Եթե վատին պատրաստ չլինենք, իմաստ չունի լավին սպասելը:
ՈՒ՞մ է ձեռնտու Սյունիքն անորոշության, անտեղյակության մեջ պահելը:
Խուճապ չկա, կա ավելի վատը՝ ծանր լռություն ու թմբիր, ինչպես փոթորկից առաջ անտառն է նիրհում:
Քնեցնու՞մ են մեզ՝ առանց նույնիսկ օրոր ասելու:
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս